Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող խումբը, Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության և Սիրիայի Օգնության խաչի հետ համագործակցությամբ, մարտի 20-ին Հալեպի հայկական ծերանոցին, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնին և մի շարք այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ։
Սիրիայի Օգնության խաչի վարչության անդամները և Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնի ղեկավարությունը երախտագիտություն են հայտնել հայ բժիշկներին թե՛ տրամադրված բժշկական պարագաների, թե՛ Հայկական ծերանոցում, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք այլ բժշկական հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար։
Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ Այուբիին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, նվիրական աշխատանքը, մասնագիտական բարձր հատկանիշները, ոչ միայն պատերազմի հետևանքով տուժածներին բուժօգնության ցուցաբերումը, այլև համատեղ ուժերով ցանկացած տեսակի վտանգի դեմ պայքարելու պատրաստակամությունը։
«Մեր հայ գործընկերները հավատարիմ են մարդասիրության վեհ սկզբունքներին և ամեն օր պրոֆեսիոնալ մոտեցմամբ օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Սիրիայի ժողովուրդը գնահատում է, որ հայերն այս դժվար իրավիճակում մեր կողքին են»,- նշել է գեներալը։
Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել Հայաստանի մարդասիրական խմբին, Հալեպում ՀՀ հյուպատոսությանը և իշխանություններին մշտական աջակցության համար։