Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը մամուլի ասուլիսում այսօր տեղեկացրեց, որ պարետատան ցուցումով և Երևանի քաղաքապետարանի հիմնարկների միջոցով բազմաբնակարան շենքերում կատարվում է ախտահանում։ Համատիրությունների միջոցով վերահսկվում է իրավիճակը, և վարչական շրջանի աշխատակազմի միջոցով կատարվում է ախտահանում բազմաբնակարան շենքերում ու վերելակներում:
Քաղաքապետի տեղակալը նշեց, որ հանդիպում է ունեցել նաև աղբահանության ոլորտը կոորդինացնողների հետ։ «Ինձ տեղեկացրին, որ մաքրվում են նաև բազմաբնակարան շենքերի աղբամուղները, բունկերների հանդեպ կա հատուկ ուշադրություն։ Այն, ինչ հնարավոր է անել, արվում է և մեր ուշադրության կենտրոնում է։ Ամենօրյա ռեժիմով վարչական շրջանի ղեկավարները և համապատասխան մարմինները հսկում են այդ գործընթացը»,- ասաց Հարությունյանը։