Դաունի համախտանիշի միջազգային օրվա առթիվ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ուղերձ է հղել.
«Մարտի 21-ը Դաունի համախտանիշի միջազգային օրն է։ Իզուր չէ, որ հասարակությունը նրանց անվանում է արևներ, քանի որ նրանք իրենց անկեղծ ժպիտով ու դրական էներգիայով «վարակում» են բոլորիս։
Մենք պետք է մեր վերաբերմունքով ու գործողություններով կոտրենք դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ կարծրատիպերը և գործադրենք ջանքեր, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ․ բացահայտենք նրանց կարողությունները, սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ։
Պետությունը պետք է որոշումների ընդունման գործընթացին մասնակից դարձնի դաունի համախտանիշ ունեցող մարդկանց, հատկապես այն որոշումների, որոնք նրանց կյանքի համար էական նշանակություն ունեն։ Այս կարևոր սկզբունքի ապահովման համար պետությունը պետք է ապահովի տեղեկատվության մատչելիության և ներառական միջավայր»։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը միանում է ՄԱԿ-ի այս տարվա #Մենքորոշումենք կարգախոսին։