Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն այօր ասուլիսում ներկայացրեց, որ COVID-19-ի տարածման կանխարգելման ուղղությամբ քաղաքային իշխանությունը օր ու գիշեր աշխատանքներ է կատարում՝ հետևելով Առողջապահության նախարարության, պարետատան և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ցուցումներին:
Անդրադառնալով հարցին, թե մայրաքաղաքում քանի մարդու է ցուցված տանը մնալ, որոնք 14-օրյա կարանտինի մեջ են, Հարությունյանը նշեց, որ հստակ թիվ այս պահին չի կարող ասել: «Այն քաղաքացիներն են, որոնք եղել են երկրորդ կարգի կոնտակտավոր կամ ունեցել են ջերմություն, բայց կորոնավիրուսի վարակը չի հաստատվել. նրանք ինքնամեկուսացած են տանը: Հսկողություն է կատարվում առաջնային օղակի կողմից՝ պոլիկլինիկայի բժիշկների: Շաբաթ և կիրակի օրերին էլ աշխատում են»,- ասաց Հարությունյանը:
Քաղաքապետի տեղակալը հորդորեց քաղաքացիներին՝ խնդիրների դեպքում դիմել պոլիկլինիկայի բժիշկներին, որոնք կօգնեն ճիշտ ախտորոշում ստանալ: Նշեց՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում գործում են երեք ռենտգեն կաբինետներ, և այն քաղաքացիները, որոնց կտրվի ցուցում, որ պետք է անցնեն նաև ռենտգեն, կարող են գնալ և անվճար ռենտգեն հետազոտություն անցնել:
Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ բոլոր տրանսպորտային միջոցները, որոնք գրանցված են և աշխատում են, ախտահանվում են: Քաղաքային տրանսպորտի այն վարորդները, որոնք պարետատան ցուցումով ցանկալի չէ, որ աշխատեն՝ 60-ն անց են կամ ունեն խրոնիկ հիվանդություններ, տանն են և չեն աշխատում: Քաղաքապետի տեղակալը ներկայացրեց նաև, որ այս օրերին և՛ ուղևորների քանակն է քիչ տրանսպորտում, և՛ տրանսպորտի շարժակազմն է քիչ:
«Եթե սովորական պայմաններում Երևանի մետրոպոլիտենը ունենում էր շուրջ 75.000 ուղևորափոխադրում, այս պահին ունենում է 15.000: Այսինքն՝ մետրոյի ուղևերների քանակը մոտ հինգ անգամ կրճատվել է: Ավտոբուսներով նախկինում 70.000 էր, այժմ՝ 20.000 ուղևոր է օրական: Մինչ այս օրական 850-900 միկրոավտոբուս էր դուրս գալիս երթուղի, այս պահին 500 միկրոավտոբուս է դուրս գալիս»,- տեղեկացրեց Երևանի փոխքաղաքապետը: