Րոպեներ առաջ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում ուղիղ միացմամբ ամփոփեց աշխատանքային օրը՝ հընթացս որոշ տեղեկություններ ներկայացնելով:
Նախ՝ հաղորդվեց, որ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ տեղը չէ, որտեղ մեր քաղաքացիները բուժում են ստանում:
«Ունենք այդպիսի 5 բուժհաստատություն, ևս երկուսը՝ մարզերում»,- նշեց նախարարը, խնդրելով սրանում «կոնսպիրացիաներ չփնտրել»:
Այս պահին մենք ռենտգենով հաստատված 11 հաստատված թոքաբորբի դեպք ունենք արձանագրված, բայց որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում՝ վստահեցրեց ԱՆ ղեկավարը, հավելելով, որ այս պահին ՀՀ-ում կան 600 մեկուսացված անձինք:
Թորոսյանը նշեց, որ այս ռեզերվը կարող է սպառվել, և դա է պատճառը, որ քաղաքացիները իրենք նույնպես պետք է սոցիալական պատասխանատվություն ստանձնեն՝ պահպանելով ինքնամեկուսացման ռեժիմը.
Հենց այս հանգամանքով պայմանավորվեց նաև ԱԺ-ի արտահերթ նիստում ընդունված օրինագիծը, որ վերաբերում էր խախտումների վարչական ու նույնիսկ քրեական պատասխանատվության ներդրմանը:
Վերջում Առողջապահության նախարարը առողջություն մաղթեց բոլորին՝ մի անգամ ևս կոչ անելով պահպանել հիգիենայի կանոնները, ձեռք առնել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ չվտանգելով հանրային առողջությունը: