Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ.մարտի 16-ի N 298-Ն որոշման 7-րդ կետով հաստատված հավելվածի 4-րդ գլխով սահմանված պահանջների՝ Պարետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Նույն կետի համաձայն՝ հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող նաև հետևյալ միջոցառումները՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները:
Ուստի, ելնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման, զանգվածային հաղորդակցության միջավայրերի սահմանափակման անհրաժեշտությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև սահմանված արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտը, քաղաքացիների մշակութային կյանքի իրացումը և ժամանցի ապահովումը կիրականացնի հեռավար ձևաչափով՝ առցանց տիրույթում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաննեը, գրադարանները, համերգային և թատերական կազմակերպություններն իրենց ֆեյսբուքյան էջով կամ կայքով իրականացնում են տարբեր ծրագրեր, որոնց նպատակն արտաքին աշխարհի հետ շփումը ժամանակավորապես դադարեցրած անձանց ինտելեկտուալ ժամանցի կազմակերպումն է:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և գրադարանների հետ իրականացվում է՝
1. «Տնից թանգարան և գրադարան» առցանց ծրագիրը: Այն իրենից ենթադրում է սոցիալական ցանցերում մի շարք կրթամշակութային ծրագրերի կազմակերպում և իրականացում՝ հրավերներն ուղղելով հնարավոր բոլոր խմբերին, այդ թվում՝ ուսումնական հաստատություններին, մշակութային, տեղեկատու հարթակներին, անհատներին: Թանգարանների և գրադարանների առաջարկի ցանկում ընդգրկված են ընթերցանություն, հեքիաթապատում, նկարչական, գրական, երաժշտական, անիմացիոն, խաղեր, մանկապատանեկան մրցույթներ, ճանաչողական ֆիլմեր, պրեմիերաներ, ցուցահանդեսներ և առցանց այլ ծրագրեր:
Ծրագրերին ծանոթանալու և մասնակցելու համար կարող եք այցելել կից հղումով`
https://www.facebook.com/groups/497738774234372/:
2. Նախարարության ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունների համատեղ նախաձեռնությամբ մշակվում են մի շարք կրթական-մշակութային, ճանաչողական նախագծեր, մասնավորաբար, մեկնարկելու են՝
⮚ Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Դասարան+Դասական» նախագծի հեռավար իրականացման տարբերակը, որի շրջանակում կկազմակերպվեն թատրոնի պատմության դասախոսություններ, ներկայացումների քննարկումներ, զրույցներ անվանի դերասանների հետ, կցուցադրվեն թատրոնի՝ հանդիսականին անծանոթ տարածքները,
⮚ կմեկնարկի «Քո սերնդակիցը» տեղեկատվական հաղորդաշարը, որը պատանիներին կներկայացնի սերնդակից տաղանդավոր երաժիշտ կատարողներին՝ ներկայացնելով աշխատասիրությամբ միջազգային հաջողության հասնելու օրինակներ,
⮚ առանձին նոր ծրագրով հանդես կգա «Դաս Ա» նախագիծը, որը մշակում է նաև բջջային հավելվածներում առցանց դասերի կազմակերպման ծրագիր, իսկ «Դիջիթըլ Արմ Սիմֆընի» հավելվածում տեղադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները,
⮚ Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ «Առաջին ալիքը» հեռարձակում է «Չտեսնված կինո» նոր հաղորդաշարը, որը հեռուստադիտողին է ներկայացնում հետխորհրդային արտադրության հայկական ֆիլմերը,
⮚ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության համագործակցությամբ մշակվում է հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրման ծրագիր՝ ուղղված երեխաներին,
⮚ Համազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ ընթերցվելու են առակներ, կազմակերպվելու են կարճ քննարկումներ, այնուհետև, առաջարկվելու է տանը, ծնողների հետ շարունակել քննարկումները և նշված հասցեով ուղարկել քննարկումների արդյունքում ձևավորված եզրակացությունները,
⮚ «Մշակութային կորոնադադար» խորագրով հաղորդաշար, որի ընթացքում նկարահանող խումբը նախարարի ուղեկցությամբ շրջում է մշակութային հաստատությունների՝ հանրությանն անծանոթ վայրերով (տիկնիկային թատրոն, «Արամ Խաչատրյան» համերգասրահ, Մատենադարան, Ազգային արխիվ և այլն),
⮚ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված միջոցառումներին նվիրված ֆիլմերի շնորհանդեսներ՝ «Դասարան + դասական», «Կոմիտաս-150», «Հովհ․Թումանյան-150», «Ֆրեսկո»,
⮚ Թատերահամերգային կազմակերպությունների բեմադրությունների և համերգների զետեղում կայքերում և սոցցանցերում (Գ․Սունդուկյանի անվան թատրոն, տիկնիկային թատրոն, կամերային երաժշտական թատրոն):
3. Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության 2020 թ. պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թ. հունիսի 1-ի N 661-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրության 19-րդ կետի 20-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թ. մարտի 16-ի N 298-Ն որոշման 7-րդ կետով հաստատված հավելվածի 4-րդ գլխով սահմանված պահանջները՝ ժամանակավորապես կասեցվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թ. մարտի 12-ի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված ծրագրերի, իրականացնող կազմակերպությունների և հատկացվող գումարների ցանկը հաստատելու մասին» N 322-Ա/2 հրամանի 2- րդ կետով սահմանված պայմանագրերի կնքման գործընթացը, բացառությամբ հետևյալ ծրագրերի՝
1. «Հայաստանի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման, կատարելագործման և խրախուսման նպատակային ծրագիր»
2. «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն,
3. «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» մեկամյա երաժշտական փառատոն,
4. «ՄԵԿ ԿԱԴՐ» 18-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոն,
5. «Հոբելյանական աստղերի տեղադրում Ազնավուրի հրապարակում կինոգործիչներ Գրիգորի Մելիք-Ավագյանի 100, Առնոլդ Աղաբաբովի 90, Ռուբեն Գևորգյանցի 75, Հրանտ Մաթևոսյանի 85, Ատոմ Էգոյանի 60-ամյա հոբելյանների առթիվ»,
6. Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոն,
7. «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն 2019,
8. Յարխուշտայի փառատոն, խորագիրը՝ Զարկֆեստ,
9. «Սաղսարա» մշակութային, երաժշտական, հետազոտական-վավերագրական նախագիծ,
10. «ՀՀ ոչ նյութական մշակութային Ժառանգություն կայքէջ»,
11. Տարազներ Ալավերդու հունական համայնքի երգչախմբի համար,
12. Միքայէլ Նալբանդեանի գրական ժառանգութիւնը (էլեկտրոնային տարբերակ),
13. «Կյանքը նեոլիթում»:
Վերոնշյալ հրամանի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարության 2020 թ. մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ սահմանված արտակարգ դրության ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ա. Խզմալյանի և Ն. Խաչատուրյանի կողմից կվերանայվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. մարտի 12-ի N 322-Ա/2 հրամանով հաստատված ծրագրերը և կներկայացվեն դրանց իրականացման նպատակահարմարությունը, ինչպես նաև առաջարկներ՝ ծրագրերի իրականացման ժամկետների և հատկացվող գումարների փոփոխության վերաբերյալ: