Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին հղած ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Վսեմություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:
Թող գալիք տարին Իրանի համար լինի բոլոր ոլորտներում ձեռքբերումների, խաղաղության և բարօրության տարի: Համոզված եմ, որ մեր երկրների միջև բարեկամության կապերն ու համագործակցությունն էլ ավելի են ամրապնդվելու ի նպաստ մեր ժողովուրդների առաջընթացի և տարածաշրջանային կայունության ու խաղաղության:
Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ նաև քաջառողջություն և համբերություն՝ մեզ բոլորիս պատուհասած համաճարակին Աստծո օգնությամբ դիմակայելու և դրա հասցրած վնասներից շուտափույթ ապաքինվելու համար»:
Վարչապետ Փաշինյանի՝ ԻԻՀ նախագահին հղած ուղերձում նշված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին գարնանամուտի գեղեցիկ տոնի՝ Նովրուզի կապակցությամբ:
Թող այս հինավուրց տոնը խաղաղություն և բարեկեցություն բերի բարեկամ Իրանին:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք կյանքի կոչել Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:
Մարդկությանը պատուհասած փորձության այս օրերին ցանկանում եմ հայ ժողովրդի զորակցությունը հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին և առողջություն մաղթել բոլորին: Ցավում եմ, որ ստեղծված իրավիճակի պատճառով այս տարի Հայաստանը չկարողացավ Նովրուզի օրերին հյուրընկալել մեր բարեկամ իրանցիներին: Սակայն լիահույս եմ, որ հաջորդ տարի մեր դռները կրկին բաց կլինեն Իրանի բոլոր քաղաքացիների համար»: