ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը, և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Լ․ Սարգսյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին` հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
«Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լ․ Սարգսյանի տեղափոխումը»:
Լևոն Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում խոշոր գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Խոսքը 2008 թվականին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է: Պատվիրատուն, ըստ Ազգային անվտանգության ծառայության, եղել է Լևոն Սարգսյանը: