Շիրակի մարզպետարանի և «Հայկական Կարիտասի» համագործակցության արդյունքում մարզի մի շարք բուժհաստատություններ ստացել են պաշտպանիչ բժշկական արտահագուստ։
Շիրակի մարզպետարանի առաջարկով «Հայկական Կարիտասը» ձեռք է բերել և մարզպետարանին տրամադրել 300 պաշտպանիչ ակնոց և նույնքան պաշտպանիչ բժշկական արտահագուստ: Դրանք տրամադրվել են ինչպես «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին», «Գյումրու շտապ բուժօգնության կայանին», այնպես էլ բուժհաստատությունների:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորել է այսօրինակ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել կազմակերպությանը պատրաստակամության և արագ արձագանքման համար․ «Այժմ ընթացքի մեջ են կորոնավիրուսի դեմ պայքարի կազմակերպչական աշխատանքները: Ամբողջ աշխարհում մեծ է պահպանիչ, ախտահանող պարագաների կարիքը: Իհարկե, մասնագիտական հիմնարկները ապահովված են այդ պարագաներով, բայց, հաշվի առնելով շուկայում մեծացող պահանջարկը, այդ նյութերի կարիքը մեծ է: Այս պարագայում, կարևոր է, որ մեր գործընկերները՝ քաղաքացիական հասարակության դաշտից շատ արագ արձագանքեցին խնդրին: Ես «Հայկական Կարիտասից» 3 օր առաջ ստացա առաջարկ՝ ըստ կարիքի իրենց աջակցությունն առաջարկելով. մեր կողմից միանգամից ֆիքսվեցին կարիքները՝ արտահագուստի և պաշտպանիչ դիմակների հետ կապված, ինչը շատ արագ կազմակերպության կողմից լրացվեց: Դրանք այս պահին կհատկացվեն ռիսկային գոտիներում աշխատող մարդկանց: Այս աջակցությունը շատ ժամանակին էր և կարևոր»:
Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ՌԵՆՈՎԱԲԻՍ, Կարիտաս Ավստրիայի (ԻՆՆՍԲՐՈՒԿ) և ԱՄՆ Եպիսկոպոսների խորհրդի ֆինանսական աջակցությամբ: Անհրաժեշտության դեպքում, մնացած գումարով ևս «Հայկական Կարիտասը» ձեռք կբերի և կտրամադրի պահանջված պարագաները: