Կենտրոնական բանկն ամենօրյա ռեժիմով իրականացնում է տնտեսության և ֆինանսական շուկաների մշտադիտարկում, քննարկում տարբեր սցենարներ՝ տնտեսության հետագա զարգացման համար: Կառավարության մամուլի կենտրոնում Կենտրոնական բանկի խորհրդի անդամը վստահեցրեց՝ մշտապես կապի մեջ են բանկերի, վարկային կազմակերպությունների, ֆինանսական շուկայի մյուս մասնակիցների հետ: Արթուր Ստեփանյանը հիշեցրեց, որ մարտի 17-ից նվազեցրել են վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն դեպքում, երբ տարածաշրջանի մյուս երկրները տոկոսադրույքները բարձրացրել են: Նրա խոսքով՝ կարևոր է պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ինչը հնարավորություն կտա կառավարությանն ավելի արդյունավետ ապահովել թիրախավորված միջոցառումները տնտեսության տարբեր ոլորտներում: Կենտրոնական բանկի նպատակը ֆինանսական կայունության ապահովումն է: ԿԲ խորհրդի անդամը պատասխանեց մի շարք հարցերի, անդրադարձավ դոլարի փոխարժեքի բարձրացմանը, նաև խոսեց, թե որքանով ռուբլու արժեզրկումը կանդրադառնա Հայաստանի վրա:
«Պարզ է, որ այս իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը սահմանափակ է, քանի որ այդ գործիքակազմով հնարավոր չէ ազդել առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսական զարգացումների վրա: Սակայն կարևոր է շարունակել պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ինչը թույլ կտա կառավարությանը առավել արդյունավետ կիրառել թիրախավորված քաղաքականությունները՝ տարբեր սեկտորների հետ կապված: Միաժամանակ, քանի որ մենք 2015-ից բավականին ցածր գնաճային միջավայր ունենք, մենք այս քայլով հնարավորություն ենք տալիս նաև հավասարակշռել տնտեսական ակտիվության և մեր գնաճի կառավարելիության նպատակը»,- ասաց Արթուր Ստեփանյան՝ հավելելով, որ առաջիկա ամիսներին գնաճը մնալու է ցածր մակարդակի վրա:
«Երբ նայում ենք արտաքին զարգացումներին, կարող ենք արձանագրել, որ այստեղ որևէ ռիսկ չենք տեսնում»,- նշեց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը: