ՀՀ Կառավարությունը մարտի 19-ին ընդունել է 310-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թ. մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 298-Ն որոշման հավելվածում կատարելով մի շարք փոփոպություններ, որոնք վերաբերում են արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տրամադրմանը։
Որոշման մեջ նշված է.
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, առողջապահության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և դրանց վերաբերող տվյալների, ինչպես նաև ակնհայտ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու իրական վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:».
2) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում՝
1) պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ.
2) օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների և (կամ) նրանց ներկայացուցիչների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ.
3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված և (կամ) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: