Ազգային ժողովը մարտի 20-ի երեկոյան՝ արտահերթ նիստում, առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթը:
Հիշյալ օրենսդրական փաթեթով սահմանվում է, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ, մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում, սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով: Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի վճարում՝ նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով։
Քրեական օրենսգրքում նույնպես լրացում է կատարվում. Մասնավորապես, փոփոխվում է 277.1 հոդվածը, ըստ որի՝ «Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ մինչեւ 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով»։
Պատգամավորները որոշակի դիտարկումներ, անհամաձայնություններ ունեին փաթեթում տեղ գտած ձևակերպումների հետ կապված, նրանք որոշակիացման կարիք ու թերություններ տեսան: Էդմոն Մարուքյանը,մասնավորապես, 5 տարի ժամկետով ազատազրկում սահմանելը համարեցին շատ խիստ պատիժ:
Առաջարկությունների ստացման համար սահմանված է մեկօրյա ժամկետ, երկրորդ ընթերցմամբ քննարկումը կլինի երկուշաբթի օրը ժամը 11:00-ին: