Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը հրավիրում է Նիդեռլանդներում կարճաժամկետ մուտքի արտոնագրով գտնվող Հայաստանի քաղաքացիների ուշադրությունը.
«Հարգելի հայրենակիցներ,
Նիդեռլանդների միգրացիոն ծառայությունների հաղորդմամբ՝ կարճաժամկետ մուտքի արտոնագրերով երկրում գտնվող այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք չվերթերի չեղարկման հետևանքով չեն կարողացել վերադառնալ իրենց երկրներ՝ մինչև մուտքի արտոնագրերի ժամկետների ավարտը, չվերթերի վերականգնումից հետո կարող են սահմանին ներկայացնել իրենց տոմսերի չեղարկման ապացույցները, և նրանց նկատմամբ չեն կիրառվի մուտքի արտոնագրերի ժամկետների խախտման դեպքում նախատեսված պատժամիջոցները։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կառավարության կողմից կիրառվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Նիդեռլանդների միգրացիոն ծառայությունը փակ կլինի մինչև ս․թ․ ապրիլի 6-ը։ Այսուհանդերձ, հրատապ հարցերի համար ծառայության հեռախոսային կապը շարունակում է գործել։ Առկա է նաև հնարավորություն նշանակել հանդիպում մուտքի արտոնագրերի ժամկետների երկարաձգման համար։
Խնդրում ենք ՀՀ այն քաղաքացիներին, ում ճամփորդական առողջապահական ապահովագրության ժամկետը համընկնում է մուտքի արտոնագրերի ժամկետների ավարտի հետ, ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՐՊՈՎ երկարաձգել ապահովագրության ժամկետները։
Նիդեռլանդների միգրացիոն ծառայության հետ կարող եք կապ հաստատել նշյալ հեռախոսահամարով՝ +31 880 430 430»: