ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ կհայտարարի 2020-ի հունիսին ամերիկյան Քեմփ Դեյվիդում կայանալիք՝ Մեծ յոթնյակի հանդիպումը: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ Մեծ յոթնյակի (G-7) այս գագաթնաժողովի հետ կապված՝ արդեն իսկ մի քանի աղմկահարույց դրվագներ կան:
Նախագահ Թրամփը դեռ 2019-ի սեպտեմբերին էր հայտարարել, որ Մեծ յոթնյակի գագաթնաժողովը կկայանա 2020 թվականի հունիսի 10-12-ին, ԱՄՆ-ում, Ֆլորիդայի իր գոլֆ ակումբներից մեկում:
Սպիտակ տունն էլ հայտնել էր, որ հանդիպման համար հնարավոր վայրեր են փնտրվել երկրի 10 նահանգում, բայց ընտրել են ամենահարմար տարբերակը՝ Թրամփի գոլֆ ակումբը, որը Մայամիի օդանավակայանից հեռու է ընդամենը 13 կիլոմետր:
Չնայած Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը վստահեցրել էր, որ նախագահը դրանից փող չի աշխատում և նման այցելություններից ստացված եկամուտն ուղարկում է բարեգործական կազմակերպություններին, հայտարարությունը զայրացրել էր ամերիկացիներին, և Սպիտակ տունը փոխեց իր որոշումը՝ այս անգամ ընտրելով Քեմփ Դեյվիդը:
Դրանից հետո էլ առաջ եկավ Ռուսաստանի խնդիրը, որովհետև հայտարարվեց, որ հանդիպմանը հրավիրվել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անհատ մասնակցի կարգավիճակով: ԱՄՆ նախագահը չի թաքցնում, որ ցանկանում է վերականգնել Մեծ ութնյակը, քանի որ, ըստ նրա, շատ հարցեր վերաբերում են Ռուսաստանին, և այդ երկրի ղեկավարի ներկայությունը կարևոր է՝ այդ ժամանակ հաղորդեցին ԶԼՄ-ները, կոշտ քննադատության ենթարկելով Սպիտակ տանը նման դիրքորոշման համար:
Դրան հետևեց Կրեմլի արձագանքը, որով բարձրաձայնվեց, որ Մոսկվան չի՛ վերադառնա Մեծ ութնյակ: