Կորոնավիրուսի համաճարակի պատճառով բազմաթիվ երկրներում կարանտինային վիճակ է, սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը, ինչն էլ հանգեցրել է քաղաքների կտրուկ ամայացման: Փողոցներում հետիոտների և երթևեկության բացակայության պատճառով փողոց են դուրս եկել վայրի կենդանիները՝ վարազներ, եղնիկներ, որոշ տեղերում՝ կապիկներ:
Բարսելոնայի մերձակա բլուրներում ապրող վարազները սնունդ են փնտրում քաղաքի ամայի փողոցներում:
Ճապոնիայում էլ Նարա քաղաքի արգելոցում ապրող եղնիկներն են սնունդ փնտրում դատարկ քաղաքում: Նրանք նախկինում էլ են թափառել մարդկանցով լեփ-լեցուն փողոցներով ու նրանցից սնունդ ստացել: Միայն այսօր դատարկ փողոցներում նրանք շրջում են ոչ թե միայնակ, այլ խմբերով:
Թաիլանդում էլ կապիկներն են ինքնուրույն սնունդ հայթայթում, այս անգամ ոչ թե զբոսաշրջիկներից, այլ՝ փողոցներում պատահական հայտնված կերակուրից: Դա նրանց հեշտ չի տրվում, և գոյատևելու համար ստիպված են լինում կռվել հոտերով:
Իսկ Վենետիկի ջրանցքներում դելֆիններ են լողում, բայց նրանց այստեղ հայտնվելու պատճառը ոչ թե սնունդ հայթայթելն է, այլ մաքուր ջուրը: Վենետիկում բնակիչներին արգելվում է լքել իրենց տները առանց պատճառաբանության, զբոսաշրջիկներ ընդհանրապես չկան, չկա և ջրային երթևեկություն, ու ջրում վերականգնվում է կենդանական աշխարհը: