ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելության ժամանակավոր դադարեցման առնչությամբ:
«Համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ), ընդգծելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից մշտադիտարկումները դադարեցվել են՝ կապված կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված բացառիկ իրավիճակի հետ, կոչ են անում կողմերին վերահաստատել հրադադարը խստորեն պահպանելու իրենց հանձնառությանը և զերծ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են այս շրջանում սրել լարվածությունը:
Ընդունելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես վարակի տարածման դեմ պայքարին և վարակվածների բուժմանը, կողմերին կոչ ենք անում անել հնարավոր ամեն բան՝ նվազեցնելու էսկալացիայի ռիսկը, այդ թվում՝ առավելագույնս օգտվելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցներից:
Չնայած միջազգային ուղևորությունների խիստ սահմանափակումներին, համանախագահներն առանց դադարի կշարունակեն իրենց միջնորդական ջանքերը` սերտ կապի մեջ միմյանց և կողմերի հետ»: