Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը: Արդարադատության նախարը ներկայացրեց, որ նախագծով առաջարկվում է գրավը կիրառել ոչ միայն որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այլ նաև որպես ինքնուրույն խափանման միջոց:
«Այսինքն՝ անկախ նրանից, առկա՞ է դատարանի որոշում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, թե՞ ոչ, անձի նկատմամբ կարող է կիրառվել գրավ, եթե այն անհրաժեշտ և պիտանի է անձի վարքագիծն ապահովելու համար: Ի տարբերություն գործող կարգավորման, գրավը կիրառվում է բացառապես դատարանի որոշմամբ: Նախագծով առաջարկվում է գրավը ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների պես կիրառել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի որոշմամբ ինչպես մեղադրյալի, այնպես էլ կասկածյալի նկատմամբ՝ ելնելով դրա՝ որպես ինքնուրույն խափանման միջոց նախատեսելու հանգամանքից»,- ասաց Բադասյանը:
Գրավի գումարի նվազագույն չափը նախատեսվում է սահմանել 200.000 դրամ՝ անկախ հանցագործության տեսակից՝ հնարավորություն տալով անձի նկատմամբ կիրառվող գրավի չափն անհատականացնել: Նախատեսվում է նաև ընդարձակել գրավի խափանման միջոցի կիրառման հիմքերը՝ այն թույլատրելով կիրառել ոչ միայն վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ անձի գտնվելը ապահովելու նպատակով, այլ նաև ըստ Քրեական դատավարության օրենսգրքի:
Նախատեսվում է ամրագրել վարույթն իրականացնող մարմնի կողմից գրավը չմուծելու հետևանքով դատարան ներկայացված կալանավորման միջնորդության ժամանակ գրավի գումարի չափի նվազեցման հնարավորություն: Ամրագրվելու է նաև, որ դատարանի կողմից սահմանված գրավի չափը չմուծելու հետևանքով քրեական հետապնդման մարմնի միջոնրդության հիման վրա անձը կարող է կալանավորվել: Այս դեպքում դատարանին վերապահվում է իրավասություն գրավի չափը փոփոխել՝ նվազեցնել գրավի չափը, որը վարույթ իրականացնող մարմնի կողմից է առաջարկվել: Նախագծով նաև մի շարք այլ փոփոխություններ են առաջարկվում: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին հավանություն տվեց և ընդգրկեց լիագումար նիստերի օրակարգում: