«Մնա տանը» մարտահրավերին օրեցօր ավելի շատ ֆուտբոլիստներ են միանում: Նպատակն է՝ մարդկանց կոչ անել տնից դուրս չգալ կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի ժամանակ և այդկերպ նվազեցնել նոր կորոնավիրուսի տարածումը:
Առաջիններից «Մադրիդի Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն է մասնակցել դրան: Իսպանացին գնդակի փոխարեն օգտագործել է զուգարանի թուղթը և հնարքներ արել դրանով, իսկ վերջում՝ կատարել հարված։
Ներկա և նախկին շատ ֆուտբոլիստներ՝ Ֆելիպե Մելոն, Էնցո Զիդանը, Լուիշ Նանին, Ժերոմ Բոատենգը, Ռոբերտո Կառլոսը, Մարկուս Ռեշֆորդը, Սթիվեն Ջերարդը նույնպես մասնակցել են մարտահրավերին:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նույնպես մասնակցել է «Մնա տանը» մարտահրավերին և տեսանյութ է հրապարակել իր Ինստագրամի էջում։ Տեսանյութում արգենտինացին օգտագործել է զուգարանի թուղթը՝ որպես գնդակ ու հնարքներ արել դրանով։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով դադարեցվել է Իսպանիայի առաջնությունը։ Մադրիդյան ակումբի բասկետբոլիստներից մեկի մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր տվել, և քանի որ բասկետբոլիստների և ֆուտբոլային թիմի մարզաբազան նույն տարածքում է, «սերուցքայիններն» այս պահին մեկուսացված են։
Հիշեցնենք նաև, որ Իսպանիայում գրանցվել է վարակի շուրջ 20 հազար դեպք: Արդեն ապաքինվել է 1588 մարդ, մահացել են 1002-ը: