Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմել է Փաստաբանների պալատ՝ միջնորդելով կարգապահական վարույթ հարուցել «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների պաշտպաններ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ: Ըստ ԲԴԽ նախագահի՝ թեև փաստաբանները հեռախոսազանգով տեղեկացվել են, որ մարտի 17-ի դատական նիստը չի կայանալու, մտել են դահլիճ: Պաշտպան Միհրան Պողոսյանը նստել է նախագահող դատավորի սեղանի դիմաց և դատական կարգադրիչների պահանջներից հետո միայն դադարեցրել իր գործողությունները, պաշտպան Հովհաննես Խուդոյանը նստել է մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում, Հայկ Ալումյանը, սեղանին հարվածելով, աղմուկ է բարձրացրել: Դատական նիստերի դահլիճում նրանք ծաղրական վերաբերմունք են դրսևորել դատական իշխանության նկատմամբ, կատարել անհարգալից գործողություններ: