Ազգային ժողովը քիչ առաջ արտահերթ նիստում և առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին՝ Կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթը։
Կողմ քվեարկեց 102 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։
Կառավարությունն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով, իսկ տեղեկությունների հրապարակման սահմանափակումները խախտելու համար տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև երեքհարյուրապտիկի չափով։
Նշվում է, որ եթե մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջների խախտումն առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, ապա արարքը կպատժվի կալանքով՝ նվազագույնը 3 ամիս, առավելագույնը 5 տարի ժամկետով։
Առաջարկությունների համար սահմանված է մեկօրյա ժամկետ, երկրորդ ընթերցմամբ քննարկումը կլինի երկուշաբթի ժամը 11:00-ին: