Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Ֆեյսբուքում գրառում է արել՝ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի վերաբերյալ:
«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրությամբ պայմանավորված, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումներից, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով՝ Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև բոլոր մարզպետարաններն այսուհետ պետք է ապահովեն քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով, պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային եղանակով։
Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ մարզպետարանները պետք է www.e-request.am հարթակի մասին քաղաքացիների պատշաճ իրազեկում ապահովեն իրենց պաշտոնական կայքէջերի, սոցիալական ցանցերի էջերի, տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով և այլ հնարավոր եղանակներով՝ հորդորելով քաղաքացիներին չայցելել պետական մարմինների սպասարկման գրասենյակներ և օգտվել էլեկտրոնային այս գործիքից:
Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեղեկատվություն տնօրինող պետական շուրջ 60 մարմիններին էլեկտրոնային եղանակով ուղարկել հարցում, դիմում կամ բողոք և ստանալ առցանց պատասխան»: