Ներկայումս Վերին Լարսի անցակետում գտնվում է ՀՀ մոտ 140 քաղաքացի: Այդ մասին տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա նշել է, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը ժամանել է անցակետ և տեղում համակարգում է ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու՝ գլխավոր հյուպատոսության կողմից տարվող աշխատանքները:
«Հայտնում ենք, որ քաղաքացիների մի մասը, անսալով գլխավոր հյուպատոսի հորդորին, արդեն իսկ նախընտրել է օդային ճանապարհով Հայաստան վերադառնալու տարբերակը:
Բանակցություններ են տարվում վրաց գործընկերների հետ խնդրի հնարավոր լուծման տարբերակներ գտնելու ուղղությամբ:
ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում սթափ գնահատել ներկա իրավիճակը, վստահել միայն պաշտոնական լրահոսին և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող տեղեկատվությանը»,- ասել է Նաղդալյանը:
Հիշեցնենք. անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շարունակում է փակ մնալ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։