Կառավարության որոշմամբ ընդունվել է «ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը»։
Ծրագրով առաջնային օժանդակություն կցուցաբերվի Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումը ապահովելու նպատակով։ Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից, որոնցից առաջինը տեղեկատվական աջակցության տրամադրումն ու գնահատված կարիքներին համապատասխան ուղղորդումն է։ Այս բաղադրիչը վերաբերում է ինչպես կամավոր, այնպես էլ հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին։ Երկրորդը կացարանով ապահովման բաղադրիչն է։ Այն վերաբերում է միայն հարկադիր վերադարձած ՀՀ քաղաքացիներին։
Ժամանակավոր կացարանով ապահովումը նախատեսում է բնակարան վարձակալելու համար սուբսիդիայի տրամադրում 6 ամիս տևողությամբ, 60 000 ՀՀ դրամի չափով: Ծրագրի թիրախային խմբեր են սահմանվել հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում վերադարձողները և օտարերկրյա պետություններից արտաքսված կամ վտարված առավել խոցելի ՀՀ քաղաքացիները։
Ծրագրով սահմանվել են ժամանակային չափանիշներ՝ առնվազն 1 տարի արտերկրում բնակության տևողությունը և վերադարձից հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում ծրագրին դիմելու ժամանակահատվածը:
Ծրագրի հիմքում ընկած է անձանց խոցելիությունը, այլ ոչ թե նրանց միգրացիոն փորձառություն ունենալու հանգամանքը։
Ծրագրի ընդունումը կարևոր քայլ է նաև ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում Հայաստանի պարտավորությունների իրականացման արդյունքում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ, ինչն էլ կարևոր է ՀՀ-ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկի համար։