Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ խոսել է աշխարհում ցուցափեղկերի համատարած դատարկության մասին ու նշել, որ Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ է:
«Սա ոչ այնքան Կառավարության շնորհքն է: Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել հայ բիզնեսի ու հայ բիզնեսմենների բացառիկ տաղանդը: Ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Դեռ 2018-ին եմ ասել, որ գործարարներին համարում եմ մեր ամենակարևոր դաշնակիցը ներպետական և հանրային հարցեր լուծելու համար»,- ասաց վարչապետն ու առաջարկեց՝ ծափահարել գործարարներին այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար:
Կառավարության անդամների ծափերին արժանացան նաև մեր ժամանակների ամենագլխավոր հերոսները՝ բուժաշխատողները: Օրեր առաջ ասած արտահայտությունը, թե կորոնավիրուսից հետո էլ կյանք կա, վարչապետն ու փոխվարչապետն այսօր խմբագրեցին: Կորոնավիրուսի ժամանակ նույնպես կյանք կա:
«Գլոբալ իրավիճակը և վերլուծությունները մեզ հանգեցնում են մի մտքի, որ այս իրավիճակը կարող է և տևել. ինչքան՝ ոչ ոք չգիտի: Սա չի նշանակում, որ եթե 6 կամ 7 ամիս տևեց, ոչ ոք տնից պետք է դուրս չգա: Հետևաբար մենք պետք է գտնենք ձևեր ոչ միայն ուղղակի գոյատևելու, այլև այդ ընթացքում ապրելու, աշխատելու, զարգանալու, տնտեսությունն ու երկիրը զարգացնելու: Ես համարում եմ, որ Հայաստանն ամենաքիչ խուճապ ապրած երկրներից է, և սրա համար էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հանրությանն ու ժողովրդին»,- նշեց վարչապետն ու ծափերի հաջորդ բաժինը հասավ հանրությանը: