ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց, որ հստակ նպատակ կա՝ զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն տնտեսվարողներին, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով դժվարություններ ունեն, բայց նաև կան ծրագրեր ու պատկերացումներ այդ դժվարությունները հաղթահարելու համար։
«Կառավարության առաջարկելիք երկրորդ բաղադրիչը վերաբերում է այն գործողություններին, որոնք ուղղված կլինեն ավելի խոցելի վիճակում հայտնված մարդկանց, որոնք երեկ ունեին աշխատանք, բայց հնարավոր է՝ վաղը աշխատանքը ժամանակավորապես կորցնելու պատճառով դժվարություններ ունեն, և երրորդը, երբ մենք այս դժվար շրջանը անցած կլինենք և քիչ թե շատ կայուն միջավայրում կկարողանանք մտածել մեր զարգացման պլանների մասին»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Տիգրան Խաչատրյանը նաև հայտնեց, որ Կառավարությունը նախատեսում է հատուկ դրամագլուխ հատկացնել այն կազմակերպություններին, որոնք կձևակերպեն իրենց տեսակետները՝ իրենց զարգացման ծրագրերի առնչությամբ։
«Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն: Մենք արդեն տեսնում ենք հետևանքները, բայց ես վստահ եմ, որ մենք ուժեղացած ենք դուրս գալու այս իրավիճակից»: