ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը այսօր հրավիրած ասուլիսում նշեց, որ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարվածի պես բնականոն ռեժիմով է աշխատում և իր գործառույթներն իրականացնում է ամբողջ ծավալով:
«Պետական բյուջեի հարկային եկամուտների մասով առաջին եռամսյակի համար ծրագրված համամասնությունը մենք, ըստ էության, կկատարենք մի փոքր գերակատարումով, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 15-16 տոկոսով աճ կնախատեսի կամ գումարային առումով՝ 40-45 միլիարդ դրամ»,- նշեց ՊԵԿ նախագահը:
Հարկային պարտավորությունների կատարման գործընթացը փոքր և միջին ձեռնարկատիրական ընկերությունների համար չի վերանայվի՝ հայտնեց ՊԵԿ նախագահն ու նշեց, որ փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար կլինեն օժանդակության ծրագրեր և դրանք չեն ենթադրում հարկային արձակուրդներ և հարկային արտոնություններ:
Դավիթ Անանյանը նշեց նաև, որ ապրանքաշրջանառության ծավալները հիմնականում ընկել են, ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բայց դա պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով:
«Հանրային սննդի սրահների և կազմակերպությունների ճնշող մեծամասնությունն այսօր չի գործում: Առևտրի ոլորտում կա որոշակի տեղաշարժ դրական առումով: Կա 40-45%-ի աճ վերջին շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին, եթե վերցնենք առևտուրը միայն: Բայց օրինակ մարտի 16-ին տպվել է շուրջ 1.3 միլիոն ՀԴՄ, մարտի 12-ին՝ շուրջ 1.5 միլիոն ՀԴՄ: Այսինքն՝ եղել են անկումներ ու վերելքներ, բայց էական փոփոխություններ այս պահին դեռ չեն արձանագրվել, Կարծում եմ՝ էական փոփոխությունները դեռ առջևում են: