Ամենայն հավանականությամբ, մենք կունենանք առանձին հիվանդանոց-հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով վարակված պացիենտներին՝ ասաց նախարար Թորոսյանը հարցին ի պատասխան, թե ի՞նչ կլինի, եթե վիրուսը շարունակ զարգանա, և որտե՞ղ բուժում կստանան հիվանդները:
Թորոսյանը նշեց, որ դա արվում է մյուս հիվանդներին և բժիշկներին վիրուսից զերծ պահելու համար: Նախարարը չնշեց հիվանդանոցների անունները, որտեղ վերակազմավորում կլինի, սակայն ասաց, որ մարզային ԲԿ-ներում, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսով հիվանդների բուժում չի լինելու:
«Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, միևնույն է, մնալու է կենտրոնական օղակը պացիենտներ ընդունելու, թեստեր ախտորոշելու և գիտական մասով ամեն ինչը համակարգելու առումով»,- նշեց նախարարը:
Ինքնաշեն դիմակների մասին խոսելիս նախարարը նշեց, որ դրանց հիմնական նպատակը ինքնապաշտպանությունն է փռշտալիս և հազալիս բերանից դուրս եկող մանր կաթիլների դեմ, որոնք հնարավոր է՝ լինեն վիրուսային: Նախարարը նշեց, որ դիմակները պետք է փոխել 3-4 ժամը մեկ, քանի որ չփոխվող դիմակներն ավելի վտանգավոր են, քան առանց դիմակի լինելը:
«Դիմակ կա՛մ պետք է օգտագործել պատշաճ և՛ ձևի, և՛ որակի իմաստով, կա՛մ պետք է չօգտագործել: Դիմակ կրել փողոցում կամ նույնիսկ փակ տարածքում, այնպիսի դիմակ, որը, վստահաբար, քեզ չի պաշտպանելու, իմաստ չունի»,- նշեց նախարարը:
Թորոսյանի խոսքով՝ սովորական բժշկական դիմակ գնելու այս մեծ պահանջարկը տեղին չէ և անիմաստ է, եթե հիվանդ չես կամ բուժաշխատող չես: