Հարավային Կորեայում կորոնավիրուսի վարակման դեպքերը կտրուկ նվազել են: Ո՞րն է հաջողության գաղտնիքը: Ամերիկյան Science պարբերականն անդրադարձել է այսօր մոլորակի բնակչությանն ամենաշատը հուզող՝ կորոնավիրուսի համավարակի թեմային: Եվրոպան այսօր դարձել է COVID-19-ի էպիկենտրոն: Հին աշխարհում՝ մասնավորապես Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում, վարակվածների ու մահացածների թիվն օրեցօր աճում է: Շատ երկրներ փակում են սահմաններն ու կարանտին են հայտարարում: Միաժամանակ, Միացյալ Նահանգները, որը ձախողել էր թեստավորման հարցում, այժմ միայն կարող է գուշակել COVID-19-ից իրենց կորուստները, թեպետ փորձագետները կարծում են, որ միտումներն այնտեղ նույնն են, ինչ եվրոպական երկրներում:
Այս մռայլ տեղեկատվության ֆոնին, հույսի նշույլներ են երևում Հարավային Կորեայում, որը դարձել է օրինակելի երկիր: 50 միլիոն բնակչությամբ այս երկրին հաջողվել է վարակի տարածումը զգալիորեն դանդաղեցնել: Այսօր Հարավային Կորեայում արձանագրվել է վարակի ընդամենը 74 դեպք, մինչդեռ կորոնավիրուսի տարածման գագաթնակետի ժամանակ՝ փետրվարի 29-ին, այս երկրում գրանցվել էր 909 դեպք:
Ընդ որում՝ Հարավային Կորեայի կառավարությունը ստիպված չի եղել փակել ամբողջ քաղաքներ կամ խստացված այլ միջոցների դիմել, որոնց շնորհիվ Չինաստանը կարողացել է վերահսկելի դարձնել համաճարակը: Հարավային Կորեայի հաջողությունը կարող է օրինակ ծառայել մյուս երկրների համար և նախազգուշացում լինել. նույնիսկ այն դեպքում, երբ վարակվածների թիվը կնվազի, երկիրը պետք է պատրաստ լինի վարակի նոր բռնկմանը:
Ձեռք բերված հաջողությունը պայմանավորված է նրանով, որ երկրում իրականացվել է զանգվածային և լավ կազմակերպված թեստավորման ծրագիր, ինչպես նաև վարակվածների մեկուսացման խստացված միջոցներ, վարակվածների հետ շփում ունեցող մարդկանց որոնում և մեկուսացում: Հարավային Կորեան անալիզների ստուգում է անցկացրել 270 հազար մարդկանց շրջանում: Դա ավելի քան 5200 թեստ է մեկ միլիոն շնչի համար: Սա ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում, բացառությամբ Բահրեյնի, որի մասին գրված է Worldmeter կայքում: Միաժամանակ, ԱՄՆ-ում մեկ միլիոն բնակչի հաշվարկով անցկացվել է 74 թեստ:
Հարավային Կորեայի փորձառությունը ցույց է տալիս, որ համաճարակի վերահսկման համար խիստ կարևոր է զանգվածային ախտորոշումը: Սակայն դեռևս հայտնի չէ՝ կհաջողվի՞ պահպանել ձեռք բերված հաջողությունը: Վարակվածների թիվը կրճատվում է հիմնականում այն պատճառով, որ երկիրն ահռելի ջանքեր է գործադրում ավելի քան 5 հազար դեպքից առաջացած զանգվածային օջախներն ուսումնասիրելու գործում, որը կազմում է վարակվածների ընդհանուր թվի 60 տոկոսը: