Մարտի 21-ից, կորոնավիրուսի հնարավոր տարածման առավելագույն կանխարգելման նպատակով, Վրաստանի պաշտպանական ուժերն անցնում են զորանոցային իրավիճակի: Այս մասին, 1tv.ge-ի փոխանցմամբ, հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Նախարարի խոսքով՝ զորանոցային իրավիճակի ընթացքում զինվորներին արգելվում է լքել ռազմակայանը:
«Որպես Վրաստանի պաշտպանության նախարար՝ իմ առաջնահերթ խնդիրն է պաշտպանել մեր զինվորներին և նրանց ընտանիքներին: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով մարտի 21-ից անցնել զորանոցային ռեժիմի:
Այդ ընթացքում զինվորներին արգելվում է լքել ռազմաբազան: Այս կանխարգելիչ միջոցները զգալիորեն կնվազեցնեն վարակի տարածման հավանականությունը ռազմակայանում: Նշված ռեժիմին անցնելը նպատակ ունի պաշտպանել զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին:
Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար, կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի հանձնարարականների համաձայն, պաշտպանության նախարարությունն առաջին իսկ օրվանից ակտիվորեն ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ»,- ասել է Վրաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը: