Կառավարության այսօրվա նիստում «Գործունեության ծառայության ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու և կից նախագծերի փաթեթը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա ասաց, որ այսօր կոնյակ և կոնյակի սպիրտ արտադրողները արտադրության հենց առաջին տարվանից պարտավոր են վճարել տարեկան պետական տուրք՝ 10 միլիոն դրամ, որի փոխարեն նախագծով առաջարկվում է սահմանել 50.000 դրամ:
«Եթե նոր արտադրող է, ապա երեք տարի և ավել պահանջվում է, որ գինուց մինչև կոնյակի արտադրության հասնի: Կոնյակ արտադրելու համար նախապատրաստական շրջանում առնվազն 30 միլիոն դրամ է վճարվում, մինչև այդ արտադրված կոնյակը հասնի իրացնելու տարվան: Առաջարկում ենք այդ կարգավորումը փոխել և սահմանել, որ այդ արտադրության, բայց ոչ իրացման առաջին տարիների ընթացքում տուրքի գումարը կազմի ոչ թե 10 միլիոն դրամ, այլ 50.000 դրամ:
Այս փոփոխությամբ այն արտադրողները, որոնք նոր են որոշում կոնյակի արտադրությամբ զբաղվել, առաջին 30 միլիոն դրամը վճարելու փոխարեն կվճարեն ընդամենը 150 հազար դրամ»,- ասաց Խաչատրյանը:
Առաջարկվում էր նաև պետական տուրքի փոփոխություն, եթե միաժամանակ կզբաղվեն կոնյակի և օղու կամ այլ խմիչքների արտադրությամբ: «Մեղրից թորված ալկոհոլային խմիչքների արտադրության համար սահմանված պետական տուրքի տարեկան գումարը կազմում է 15 միլիոն դրամ: Կան մրգային օղիներ, այս դեպքում նույնպես առաջարկում ենք պետական տուրքի գումարը 15 միլիոն դրամի փոխարեն սահմանել 50.000 դրամ»,- ասաց Խաչատրյանը:
Հարցի շուրջ քննարկումների արդյունքում որոշվեց նախագիծը հետ ուղարկել կոմիտե՝ ևս մեկ քննարկման: