Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «Քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Տեղեկացրեց, որ նախագծով կանոնակարգվելու է ծանր հիվանդության հիմքով կալանավորված անձանց կալանքից ազատման հարցի քննության ժամկետը և ծանր հիվանդության հիմքով հետագա պատիժը կրելու դատապարտյալի իրավունքի կանոնակարգումը:
«Հունվարին ունեցել ենք 2 ցավալի դեպք, երբ ծանր հիվանդության հիմքով դատապարտյալները մահացել են, և այդ երկու գործով էլ նիստը դատարանի կողմից նշանակվել է 20-25 օր հետո, բայց ընթացքում դատապարտյալն արդեն մահացել է»,- հայտնեց Բադասյանը:
Նա նշեց, որ նախագծի նպատակն է կանոնակարգել հստակ ժամկետները, որպեսզի կալանավորված անձանց և դատապարտյալների ծանր հիվանդության դեպքում համապատասխան գործընթացը տևի շատ արագ: Կալանավորված անձի դեպքում վարչակազմի միջոցով միջնորդությունը կներկայացվի հսկող դատախազին, որն էլ պարտավոր է անհապաղ միջնորդություն ներկայացնել դատարան ոչ ուշ, քան հաջորդ օրվա ընթացքում:
ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ նախագիծը կարող է Սահմանադրության հետ կապված խնդիրներ առաջացնել, և առաջարկեց, որ դատախազը նորից հանձնարարի հանձնաժողովի եզրակացություն անել:
Կառավարությունը որոշեց նախագծի հարցը հետ ուղարկել կոմիտե՝ ևս մեկ քննարկում անցնելու: