Ջրային կոմիտեում քննարկվել է կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների ընթացքը. այս մասին
հայտնել է կոմիտեն Ֆեյսբուքի էջում:
«Այսօր Ջրային կոմիտեում խորհրդակցություն է անցկացվել, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները Կոմիտեի նախագահին զեկուցել են կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացվող աշխատանքների, ՀՀ վարչապետի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականների և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի, ինչպես նաև, իրավիճակով պայմանավորված՝ առաջացած հարցերի մասին:
Կոմիտեի նախագահին ներկայացվել է ոռոգման և խմելու ջրի համակարգերի ընկերություններում գործող հանձնաժողովների աշխատանքը, խոսվել է արտահերթ նիստերի անցկացման մասին, որոնցում քննարկվել են ՀՀ վարչապետի հանձնարարականով «Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլան»-ից բխող կազմակերպչական հարցեր։
Վարակազերծող լուծույթների մեծ պահանջարկով պայմանավորված, Կոմիտեում քննարկվել է փոխօգնության կարգով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից հեղուկ քլորի որոշակի քանակության տրամադրման հարցը։
Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է համակարգի կազմակերպություններին՝ ջրօգտագործողների ընկերություններին, «Ջրառ», «Մելիորացիա» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ներին, սահմանված ընթացակարգով, տարեցների, հղի կանանց և քրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցների աշխատանքը կազմակերպել հեռահար կարգով։
Քննարկվել է նաև Կոմիտեի աշխատակազմի աշխատանքը հեռահար կազմակերպելու հնարավորությունը։ Որոշվել է կառույցին սպասարկող տրանսպորտային պարկից առանձնացնել փոխադրամիջոցներ՝ աշխատակիցներին տեղափոխելու նպատակով։
Մասնակիցներին կրկին հորդորվել է՝ վարքականոնների իմացության և իրազեկման նպատակով օգտվել Առողջապահության նախարարության հրահանգներից, որպեսզի առավել արդյունավետ ու օպերատիվ կազմակերպվեն կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարով պայմանավորված միջոցառումները:
Հանձնարարվել է համակարգի կազմակերպություններին՝ խիստ վերահսկողություն սահմանել անձնակազմի առողջական վիճակի և աշխատավայրում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ուղղությամբ։
Կոմիտեի նախագահը նշել է, որ չեղարկվում են արտերկրյա բոլոր գործուղումներն ու միջոցառումները, իսկ ներքին գործուղումները պետք է իրականացվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Խորհրդակցության ընթացքում Կարեն Սարգսյանն անդրադարձել է նաև Կոմիտեի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի, նոր հանձնարարականներ տվել»,- ասվում է հայտարարությունում: