ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ այսօրվանից ուժի մեջ է մտել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջև ցամաքային և օդային հաղորդակցությունը: «Այս սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Այդ որոշմամբ Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև անձինք, որոնք չունեն քաղաքացիություն, սակայն ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք, կարող են վերադառնալ Հայաստան»,- ասաց Նաղդալյանը:
Նա ներկայացրեց նաև, որ այսօրվանից ուժի մեջ է մտել Վրաստանի Կառավարության որոշումը, որով արգելք է սահմանվում Վրաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտք գործելու վրա, որը սակայն, ըստ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության, չի վերաբերում բեռնափոխադրումներին:
ԱԳՆ խոսնակը նշեց, որ քաղաքացիներից շատերին անհանգստացնում է Վրաստանի տարածքով Վերին Լարս անցակետի փակումը, որը պայմանավորված է բացառապես եղանակային պայմաններով: «Երբ եղանակը բարելավվի, հայ բեռնատարները, որոնք բեռնափոխադրումներ են իրականացնում դեպի Ռուսաստան-Վրաստան, Հայաստան-Վրաստան ուղղությամբ, կարող են անխափան կատարել իրենց գործունեությունը»,- ասաց Նաղդալյանը:
Աննա Նաղդալյանը նաև հայտնեց, որ երեկ ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնության են եկել և հավանության արժանացրել Եվրահանձնաժողովի նախագահի ներկայացրած ծրագիրը, որով 30-օրյա ժամկետով (այն կարող է երկարաձգվել) արգելափակվում է օտարերկրացիների մուտքը ԵՄ պլյուս տարածք: «ԵՄ պլյուս՝ այսինքն ԵՄ երկրներ, Շենգենյան գոտու անդամներ, Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա և Լիխտենշտեյն: Այս սահմանափակման առումով մեր քաղաքացիներին պետք է հորդորեմ ձեռնպահ մնալ ԵՄ վերոնշյալ տարածք այցելություններից»,-ասաց նա: