Սիրիայում գործող «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության ջիհադիստները 25,000 դոլար են խոստացել Սիրիայի Իդլիբի նահանգի M4 մայրուղում հայտնված ամեն մի ռուս լրագրողի սպանության դիմաց:
Այս մասին գրել է համարաբական Al Rai al Youm թերթի սյունակագիր Թահեր ալ-Օմարը: Վերջինս, համաձայն արդեն իսրայելական մամուլի, սերտ կապեր ունի «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման առանձին անդամների հետ:
Հրապարակման ներկայացմամբ, ջիհադիստները մտադիր են ապակայունացնել իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևմուտքում և վախ սփռել ռուս լրագրողների շրջանում, որոնք ահաբեկիչներին «ոչ ձեռնտու» տեղեկատվություն են տարածում:
Հիշեցնենք, որ ներկայում ամբողջովին ազատագրված M4 մայրուղին, որտեղ ահաբեկիչներն այսօր պայթյուն են կազմակերպել, ռազմավարական զարկերակ է, որը միացնում է ափամերձ Լաթաքիան Իդլիբի Սերաքիբ քաղաքին:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև Մոսկվայում ձեռք բերված վերջին պայմանավորվածության համաձայն, մայրուղու արևելյան հատվածում ռուս-թուրքական համատեղ պարեկություն պիտի իրականացվի:
Հիշեցնենք նաև, որ ջիհադիստները մարտի 15-ին ամեն գնով խափանեցին այդ ձեռնարկը՝ տեղում բարիկադներ կառուցելով, վրաններ տեղադրելով և քաղաքացիական բնակչությանը «կենդանի վահանի» դերում օգտագործելով: Ընդծենք, որ «Ջեբհաթ ան-Նուսրան» հայտարարություն էր տարածել այն մասին, որ «չի՛ ընդունում և չի՛ ընդունելու հրադադարի մասին ռուս-թուրքական պայմանավորվածությունը»: