ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերով դասերի անցկացման նախաձեռնությանը, նշեց, որ այն հնարավորություն կտա ունենալ սփռման ավելի մեծ տիրույթ, և որոշակի առումով նաև այդ կրթական ռեսուրսը հասանելի դարձնել նույնիսկ հեռավոր համայնքներում բնակվող քաղաքացիներին ու երեխաներին:
«Ինչպես նաև հնարավոր կլինի առանց լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության դիտել յութուբյան մեր ալիքը և լինել հաղորդակից այն նյութերին, որոնք կպատրաստվեն և կհեռարձակվեն»,- ասաց Անդրեասյանը:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ նաև ներառական կրթություն ստացող երեխաների հեռավար ուսուցմանը՝ ընդգծելով, որ հեռավար ուսուցման տարբեր միջոցների օգտագործումն ավելի մեծ հնարավորություններ է տալիս: «Հեռավար ուսուցման նյութերը շատ ավելի բազմազան են՝ և՛ ձայնային են, և՛ տեքստային, և՛ պատկերային: Սա հնարավորություն կտա, որ մենք կարողանանք հաշվի առնել ուսուցման ընթացքում հատուկ կարիքներ ունեցող երեխաների առանձնահատկությունները և համապատասխան բովանդակություն հասցնել նրանց»-ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը: