«Հանրային հեռուստաընկերության հետ միասին ստեղծել ենք դասախոսությունների և դասերի անցկացման հնարավորություն: Հեռուստաընկերության եթերով 8:30-ից մինչև 9:30 ամեն օր կլինեն դասեր, այնուհետև 11:15-ից մինչև 12:00»,- հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Ասուլիսի ընթացքում Հարությունյանը ներկայացրեց, որ առաջարկ են ստացել նաև «Յուքոմից», որոնք առանձին ալիք են տրամադրելու նման դասեր անցկացնելու համար. «Ամբողջ օրը՝ 24 ժամվա ընթացքում, մենք ունենալու ենք նման դասընթացներ: Այժմ արդեն ընթանում են ձայնագրություններ, հավաքում ենք ուսուցիչներ, որոնք դասեր կկարդան, և դրանք կմատուցվեն աշակերտներին: Ունենալու ենք նաև Յութուբի ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այս նյութերը, և այդ ալիքի այցելությունների թրաֆիկը «Յուքոմ» ընկերության հաճախորդների համար լինելու է անվճար»:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ բուհերի հարցում խնդիր չի լինելու, քանի որ այս ընթացքում հեռավար ուսուցման տարբեր միջոցներով սկսել են իրականացնել ուսուցում, և շուտով այդ իրականացվող գործընթացը մոնիտորինգ կարվի: «Հանրակրթական ուսումնական հաստատությունններում մեծ ոգևորություն եմ տեսնում, քանի որ առանց միջամտության արդեն որոշ դպրոցներում սկսել են օնլայն հարթակներում կրթական պրոցես կիրառել: Սա դառնալու է հեռավար ուսուցման համազգային պիլոտային ծրագիր, և կոչ ենք անում, որ ուսուցիչները, տնօրենները, աշակերտները ջանքեր գործադրեն, որ այդ պիլոտի իրականացման հարցում հաջողություն ունենան»,- ընդգծեց Հարությունյանը:
Նախարարը նշեց, որ Կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում հեռավար կրթության համակարգի ներդրումը սահմանված էր 2021-ի դեկտեմբերը, բայց այս հնարավորությունը կօգտագործվի համազգային պիլոտը իրականացնելու և ծրագիրն ավելի շուտ ներդնելու համար: Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում ստեղծվել է հեռավար՝ armedu.am պորտալը, որում նման ծրագրեր իրականացնող հարթակների մասին տեղեկատվություն է հավաքված: Իրականացվելու է նաև վերապատրաստումների գործընթաց: