Հունվարի 24-ից ՀՀ յոթ սահմանային հսկիչ կետերն անցել են ուժեղացված աշխատանքի՝ երկու անգամ ավելացել է աշխատակիցների թվաքանակը, անցակետերը տեխնիկապես համալրվել են: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ հավելելով, որ ՀՀ սահմանային հսկիչ կետերից կորոնավիրուսի կասկածով մեկուսացվել է Հայաստան ժամանած մոտ 100 անձ:
Նա վստահեցրեց, որ սահմանին հիմա ավելի խիստ միջոցառումներ են իրականացվում: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի տարածման առումով անապահով երկրներից Հայաստան ժամանած բոլոր ուղևորները, անկախ այն բանից՝ ջերմություն ունեն, թե ոչ, մեկուսացվում են՝ ոչ թե տանը, այլ առողջապահության նախարարության կողմից հաստատված մեկուսացման վայրում: «Եղել է Իտալիայից ժամանած ուղևոր, որ սկզբում հրաժարվել է մեկուսացվել, բանակցելուց հետո համաձայնել է, հիմա պատրաստվում է պարետի որոշում, որով ուղևորներն օրենքի ուժով կմեկուսացվեն»,- ընդգծեց ԱԱՏՄ ղեկավարը:
Հ.Ավագյանը նշեց, որ տեսչական մարմինը պարետին առաջարկել է ստեղծված իրավիճակում ապահովել այս օրերին աշխատող քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը՝ մասնավորապես տրամադրելով անհատական պաշտպանիչ միջոցներ, կատարել ախտահանումներ աշխատավայրերում:
Նրա խոսքով՝ բեռնատարները, որոնք հատում են սահմանը, չեն ախտահանվում: «Նման ցուցում առողջապահության նախարարությունը չի տվել, քանի որ մեքենաները վիրուս տեղափոխող չեն»,- ասաց նա: