Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման դեպք։
Մասնավորապես, օրերս վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արտաշատում գործող շուկաներից մեկի հարակից տարածքում ֆիզիկական անձի կողմից կատարվում են տարադրամի փոխանակման գործարքներ՝ առանց համապատասխան լիցենզիայի։
Վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում՝ Արտաշատում` շուկայի հարակից տարածքում, ՊԵԿ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո արտարժույթի փոխանակում իրականացնելուց անմիջապես հետո բռնվել և բերման է ենթարկվել Արարատի մարզի Մրգավան գյուղի մի բնակիչ։ Վերջինիս մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ դրամական միջոցներ, այդ թվում՝ արտարժույթ։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ հասարակական վայրերում, ինչպես նաև առևտրի կազմակերպման վայրերին հարակից տարածքներում առանց համապատասխան թույլտվության արտարժույթի փոխանակման գործարքներ կատարելուց։