Մարտի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ասուլիս էր հրավիրել, որն ամբողջությամբ և ուղիղ եթերի ռեժիմում է հեռարձակվել «Լուրերի» եթերում:
Նշենք, որ ասուլիսի ընթացքում նախարար Արշակյանը տեղեկացրեց, որ արտակարգ դրության պայմաններում «գիտնականներից, տվյալագետներից, ՏՏ մասնագետներից կազմված աշխատանքային խումբ է ստեղծվել, որի նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ՝ կորոնավիրուսի տարածման օջախների քարտեզագրման, մարդկանց տեղաշարժերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, տարածման գոտիների և այլ տեղեկությունների համադրման արդյունքում կորոնավիրուսի ընդհանուր հավանական տարածման մոդելավորում իրականացնել»:
Նախարարը նաև շեշտեց, որ հեռահաղորդակցության ոլորտում մենք որևէ խնդրի չենք բախվի:
«Այսօր հանդիպում ենք ունեցել հեռահաղորդակցության ոլորտի մեծ ընկերությունների հետ և հավաստիացել ենք, որ տեխնիկական սպասարկման, ինչպես նաև հեռահաղորդակցության ապահովման տեսանկյունից, թե՛ ինտերնետի, թե՛ բջջային ծառայությունների, մենք որևէ խնդիր չունենք: Այն խոցելի տեխնիկական օղակները, որոնցում հնարավոր են որոշակի ռիսկեր, ամբողջությամբ բացահայտված են, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի մասնագետների փոխարինելիություն ապահովվի»,- հայտարարեց նախարարը:
Նա հայտնեց նաև, որ ռադիո և հեռուստահաղորդումների տարածման տեսանկյունից էլ խնդիրներ չեն լինի, քանի որ ոլորտի բոլոր ռիսկերը կառավարելի են:
Անդրադառնալով սպասարկման կենտրոններին, Արշակյանը նշեց, որ կենտրոնական հատվածներում սպասարկող գրասենյակներ, այնուամենայնիվ, կան, գործում են: Ինչ վերաբերում է վճարումներին, բջջային բոլոր օպերատորներն ունեն առցանց վճարման հնարավորություններ:
Փոստային բաժանմունքներում էլ աշխատանքի ընդհատումներ կամ խափանումներ չեն լինի. դրանք կգործեն՝ ըստ իրավիճակի:
«Այն դեպքերում, երբ անհրաժեշտ կլինի կենսաթոշակներն ու սոցիալական վճարները հասցնել բնակիչներին, կհասցվեն տներ»,- շեշտեց նախարարը: