Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ այս պահին ունենք կորոնավիրուսով հիվանդացության 84 հաստատված դեպք։ Վարչապետի խոսքով՝ վերջին ախտորոշվածների մեջ 99 տոկոսն արտադրամասի դեպքերն են:
«Այս վիճակագրությունը մեզ հնարավորություն է տալիս որոշակի հետևություններ անել կորոնավիրուսի դեմ մեր պայքարի էֆեկտիվության մասին»:
Վարչապետը նաև հայտնել է, որ այս պահին կա 444 մեկուսացված անձ, և առկա է որոշակի պոտենցիալ մեկուսացումը շարունակելու համար, բայց նաև պետք է հասկանալ, որ եթե մեկուսացման ծավալները մեծանան, այդ գործողությունը սկզբունքորեն կդառնա անիմաստ:
«Առայժմ աշխատում ենք մեկուսացման ռազմավարությամբ։ Հույս ունենք, որ Իրանի ուղղության նման այս մեթոդն էֆեկտիվ կլինի նաև Էջմիածնի և արտադրամասի ուղղություններով։ Մնացած դեպքերը լոկալ դեպքեր են։ Չարենցավանից ում մոտ ախտորոշվել է, պարզվել է՝ Ֆրանսիայից ժամանած մեր հայրենակիցներն են, շփում չեն ունեցել, մեկուսացման խնդիր չենք դնում։ Դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի և արտադրամասի ուղղություններն են։ Էջմիածինն ակնհայտորեն դանդաղել է, իսկ արտադրամասի հետևից դեռ շարունակում ենք՝ վազքի պրոցեսի մեջ»։