«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Նոր կորոնավիրուսի COVID-19 համաճարակի տարածմամբ, միջազգային հանրությունը համախմբվում է և համապատասխան գործողություններ ձեռնարկում։ Ինչպես քաջ հայտնի է, ճգնաժամերի ընթացքում համայն աշխարհի հայությունը միշտ համախմբվել է մեկ նպատակի շուրջ՝ օգնելու միմյանց և իրենց հայրենիքին։
ՀՀ Կառավարությունը և առողջապահության նախարարությունը քաղաքացիներին պարբերաբար թարմացվող տեղեկատվություն են տրամադրում ինչպես ներկայիս իրավիճակի, այնպես էլ վարակի տարածման հետագա աճը կանխելու համար անհրաժեշտ քայլերի մասին։
Մեր բուժաշխատողները ևս, վտանգելով սեփական կյանքը, անձնվիրաբար և ջանասիրաբար աշխատում են պացիենտներին օգնելու և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով։
Վարակի էքսպոնենտալ աճի հնարավորությամբ պայմանավորված՝ առողջապահության ոլորտին անհրաժեշտ է համայն հայության աջակցությունը։ Այդ իսկ պատճառով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստացված նվիրատվությունները կհամախմբի և այս նախաձեռնության ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը կուղղի առողջապահության ոլորտին անհրաժեշտ բժշկական պարագաների տրամադրմանը, ինչպես նաև այն ընտանիքներին, որոնք ստեղծված իրավիճակին դիմակայելու կարիք ունեն»։