Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ օպերային, բալետային ներկայացումները, համերգները ցուցադրվելու են թատրոնի Ֆեյսբուքի էջում:
«Հարգելի՛ բարեկամներ,
տեղյակ եք, որ հանրապետության բոլոր թատրոններն ու համերգասրահներն այս ընթացքում փակ են։ Այս ժամանակահատվածում ցանկանում եմ, որ դուք հնարավորություն ունենաք մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով դիտելու մեր օպերային, բալետային ներկայացումները, համերգները, ծանոթանալու մեր հիանալի արտիստների կենսագրական նյութերին։ Մենք մտածում ենք ձեր մասին և հույս ունենք, որ շատ շուտով կհանդիպենք մեր թատրոնում»,- հայտարարել է Օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:
Նա նշել է, որ այսօր՝ մարտի 17-ին, ժամը 20։00-ին, թատրոնի Ֆեյսբուքի էջում կցուցադրվի Կ. Խաչատրյանի «ՉԻՊՈԼԻՆՈ» բալետային ներկայացումը: