Մարտի 17֊ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը։
«Օրակարգում ունենք մի քանի կարևոր հարցեր և, մասնավորապես, առաջինը զուտ գործընթացային խնդիրներին վերաբերող հարցեր են: Ես պետք է խնդրեմ, որ բյուրոկրատական բոլոր ընթացակարգերի վերաբերյալ մենք ունենանք մի փոքր ավելի ճկուն մոտեցում: Ես տեսնում եմ, որ որոշակի խնդիրներ առկա են, ու նույնիսկ արտակարգ դրության ռեժիմում որոշումների կայացման ֆորմալացման հետաձգումներ կան: Պետք է խնդրեմ, որ մեր իրավաբանները մի փոքր ավելի կոնկրետ ու ճկուն համակարգ առաջարկեն, որով մենք առաջ կշարժվենք, որովհետև մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ արտակարգ դրության ռեժիմում մենք ավելի քիչ ճկունություն ունենք, քան մինչ այդ ունեինք: Եվ պետք է խնդրեմ, որ ձեր ուշադրության կենտրոնում պահեք այս հարցը:
Պարոն Թորոսյանին խոսքը կփոխանցեմ անպայման, որպեսզի ներկայացնի ընդհանուր իրավիճակը թե ինչ նորություններ ունենք:
Հետագայում նաև կքննարկենք մի քանի կարևոր այլ հարցեր, որոնք վերաբերում են հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներին ՀՀ ամբողջ տարածքում, և թե ինչպես իրականացնել վերահսկողությունը դրա նկատմամբ: Մենք երեկ երեկոյան պարոն Սարգսյանի հետ խոսել ենք ու որոշակի պայմանավորվածություն ունենք, թե ինչ է պետք անել: Կարծում եմ՝ սահմանափակող բոլոր միջոցառումները պետք է ուղեկցվեն հստակ մեթոդական ցուցումներով, որպեսզի իր պարտականությունները կատարող յուրաքանչյուր պաշտոնյա իմանա, թե ինչ է պետք անել, և ինչ քայլերի հերթականություն նա ունի անելու, և այդ ամենը պետք է շատ հստակ լինի:
Քննարկելու ենք միասնական թեժ գծի գործարկման հարցը: Կրկին ունենանք բոլոր այն պոտենցիալ հարցերը ու պատասխանները, որոնք թեժ գծին կարող են ուղղվել: Եվ այդ հարցերին պետք է հստակ պատասխաններ տրվեն:
Ֆինանսական հարցեր ունենք քննարկելու, հաղորդակցման ուղիներին վերաբերող հարցեր, սահմանափակումների վերաբերյալ՝ նաև ԶԼՄ-ների մասով»,- ասել է Տիգրան Ավինյանը:
Այնուհետև առողջապահության նախարարը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ կապված իրավիճակը հանրապետությունում: Ի լրումն պարետատան իրականացրած միջոցառումների՝ նիստի մասնակիցները կարևորել են քաղաքացիական գիտակցության ու զգոնության դերը և լրացուցիչ անվտանգության միջոցառումները:
Նիստի ընթացքում քննարկվել է պարետի ընդունած որոշումը հանրային միջոցառումների սահմանափակումների մասին։ Կարևորվել է ոստիկանության դերը հանրային միջոցառումների արգելքի ռեժիմը վերահսկելու գործում: Վերահսկողական միջոցառումների վերաբերյալ տրվել են համապատասխան մեթոդական ցուցումներ: Առանձնացվել է մարզերում ու Երևան քաղաքում տարբեր գերատեսչությունների ներգրավմամբ վերահսկողական գործողությունների կոորդինացման գործում մարզպետների ու Երևանի քաղաքապետի դերը։
Նիստի մասնակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական անհրաժեշտ միջոցառումները՝ տնտեսությունը ակտիվացնելու և կորոնավիրուսի ազդեցությունը սոցիալական տարբեր խմբերի վրա մեղմելու համար։
Անդրադարձ է կատարվել նաև մի շարք երկրների հետ հաղորդակցության ու վիզային ռեժիմներին վերաբերող հարցերի։