2020 թ. մարտի 17-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․25%:
2020 թ. փետրվարին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.6% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.5%:
Աշխարհում կորոնավիրուսի շարունակվող տարածումը նշանակալի բացասական ազդեցություն է թողնում համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական աճի վրա։ Համաշխարհային ֆինանսական շուկաներում զգալիորեն աճել է անորոշությունը, ինչն արտահայտվել է զարգացած երկրների բորսայական ինդեքսների շարունակական անկմամբ, հանքահումքային ապրանքների գների նվազմամբ, զարգացող երկրների փոխարժեքների արժեզրկմամբ, որոնց ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա գնահատվում է գնանկումային։
ԿԲ գնահատականների համաձայն՝ այս ազդեցություններն արտահայտվում են նաև ՀՀ տնտեսության վարքագծում համախառն առաջարկի և պահանջարկի միաժամանակյա կրճատմամբ։ Հիմնական ազդեցությունն իր վրա է կրում ծառայությունների ճյուղը, հատկապես այն ենթաճյուղերը, որոնք կապված են զբոսաշրջության և ժամանցի կազմակերպման հետ։ ԿԲ հիմնական սցենարի համաձայն, տնտեսական աճը բավականին կդանդաղի կարճաժամկետ հատվածում, սակայն չի ազդի երկրի տնտեսական պոտենցիալի երկարաժամկետ հեռանկարների վրա։
ԿԲ Խորհուրդը, քննարկելով տնտեսության զարգացումները, գնահատում է, որ ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը սահմանափակ է, քանի որ դրամավարկային քաղաքականության գործիքակազմը հնարավորություն չունի ազդելու առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսական անորոշության աճի և տնտեսության առանձին հատվածների զարգացումների վրա։ Այս պարագայում կարևոր է շարունակել պահպանել երկրի մակրոտնտեսական կայունությունը, ինչը թույլ կտա ապահովել Կառավարության կողմից մշակվող տնտեսական քաղաքականության թիրախավորված միջոցառումների արդյունավետությունը։ ԿԲ խորհուրդը համարում է, որ վերջին տարիներին իրականացված ցածր գնաճային քաղաքականության շնորհիվ գնաճային սպասումները ներկայումս բավականին խարսխված են, հետևաբար, ելնելով ԿԲ գների կայունություն նպատակից և գնահատելով գնաճային ներկա զարգացումները, համաշխարհային տնտեսության ապագա ազդեցությունները և ձևավորված անորոշությունները, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է համարում նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով։ Արդյունքում, ըստ հիմնական սցենարի, գնաճը առաջիկա ամիսներին կպահպանվի համեմատաբար ցածր մակարդակում՝ հետագայում աստիճանաբար մոտենալով նպատակային թիրախին։
Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը ամենօրյա ռեժիմով իրականացնում է տնտեսության և ֆինանսական շուկաների մշտադիտարկում, քննարկում է տարբեր այլընտրանքային սցենարներ և պատրաստ է արձագանքել իրավիճակի ցանկացած զարգացմանը՝ ապահովելով գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում։
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2020 թ. մարտի 31-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2020 թ. առաջին եռամսյակի ծրագրում):