Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների շրջանակում, ամենօրյա կտրվածքով, իրականացվում են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին` մաքսային ծառայողներին, հարկ վճարողների սպասարկման վարչության և քաղաքացիների հետ անմիջական շփում ունեցող ու տնտեսական կազմի աշխատակիցներին, տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ, բժշկական դիմակներ ու ձեռնոցներ:
Կոմիտեի բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներին տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր: Ձեռնարկված միջոցառումների շրջանակում ՊԵԿ վարչական շենքերի մուտքերում չափվում է շենք մուտք գործող անձանց մարմնի ջերմաստիճանը:
Բացի դրանից՝ մուտքերում, բոլոր հարկերում և ծառայողական ավտոմեքենաներում տեղադրված են ձեռքերն ախտահանող նյութեր: Միաժամանակ, ամենօրյա ռեժիմով ախտահանվում են նաև ՊԵԿ վարչական բոլոր շենքերը՝ հարակից տարածքներով, ինչպես նաև ծառայողական ավտոմեքենաները: