Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է Չարենցավանում վարակի հաստատված դեպքերին:
«Հարգելի հայրենակիցներ, կոտայքցիներ.
Վստահ եմ՝ բոլորդ էլ քաջ գիտակցում եք սոցիալական պատասխանատվության այն կարևորությունը, որ ակնկալվում է ամենքիցս մեր երկրում արտակարգ դրության պարագայում և կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունների համալիր ծրագրի իրագործման պայմաններում։
Եվ այս իրավիճակում, երբ որևէ մեկս ապահովագրված չենք՝ մեր գործունեությամբ պայմանավորված կամ օբյեկտիվ հանգամանքների բերումով վիրուսակիր դառնալու և/կամ այդ վիրուսը մեր կամքից անկախ՝ փոխանցելու մեր շրջապատին, միակ բանը, որ կախված է յուրաքանչյուրիցս, առավելագույն ինքնամեկուսացման գնալն է և յուրաքանչյուրս մեր մասով՝ անհրաժեշտ կանխարգելիչ/ախտահանիչ գործողությունների ապահովումն է։
Բոլոր պարագաներում ես վստահեցնում եմ՝ ՀՀ կառավարությունն ու պատկան մարմինները լիովին տիրապետում են իրավիճակին, և մեր քաղաքացիներին անհրաժեշտ է պարզապես ճշտորեն հետևել բոլոր պաշտոնական ցուցումներին և տեղեկատվություն քաղել բացառապես պաշտոնական աղբյուրներից։
Հավելեմ նաև, որ այս պահի դրությամբ մեր մարզում գործող մի քանի հյուրընկալության հաստատություններում հանգրվանել են մինչ այժմ հաստատված վիրուսակիրների հետ կոնտակտ ունեցած՝ մի քանի հարյուր մեր քաղաքացիներ, ովքեր պարզապես ռիսկի խմբում են և ՉԵՆ հանդիսանում վիրուսակիրներ։ Վերջիններիս նկատմամբ իրականացվում է պատշաճ վերահսկողություն և ապահովված են կեցության բոլոր անհրաժեշտ պայմաններով։
Եվ վերջում՝ Չարենցավանի մասով:
Այս պահին համայնքի երկու բնակիչների դեպքում հաստատվել է վիրուսի առկայություն. նրանք վերադարձել են արտերկրից և ի սկզբանե մեկուսացման մեջ են եղել։ Այժմ բուժման փուլում են և Չարենցավանում որևէ կոնտակտ չեն ունեցել։ Եվս երկու քաղաքացու թեստի արդյունքներին ենք սպասում, ինչի վերաբերյալ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Վերջիններիս սերտ շփման շրջանակը ևս մեկուսացվել է։
Կոտայքի մարզի այլ բնակավայրում այս պահին չունենք հաստատված որևէ դեպք։
Հարգելիներս,
հավելյալ տեղեկատվության պարագայում անմիջապես կիրազեկվեք։
Ըստ այդմ՝ խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և ոչ մի պարագայում տուրք չտալ չհաստատված տեղեկատվության տարածում:
Եվս մի կարևոր դիտարկում.
ինչպես ինքներդ եք հասկանում, անընդունելի են որևէ համայնքում վարակի հաստատված դեպքերով պայմանավորված՝ խուճապային տրամադրություններ և անհարկի տագնապ տարածելու բոլոր փորձերը. այսպես թե այնպես՝ խնդիրը մեր ողջ հանրապետությանն է վերաբերում, և նրա դեմ պայքարը կամ հնարավոր ընդգրկումը չի կարող ունենալ լոկալ բնույթ։
Կրկին խնդրում եմ՝ ցուցաբերել բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և ստանձնել սոցիալական պատասխանատվության սեփական չափաբաժինը։
Հետևեք բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին, կատարեք անհրաժեշտ ցուցումները, հարկ եղած դեպքում դիմեք համայնքի բուժկենտրոն կամ կապվեք ԱՆ թեժ գծին։
Արտակարգ դրության պայմաններում մենք 24-ժամյա ռեժիմով գործում ենք և անխափան կապի մեջ ենք ՀՀ կառավարության մեր գործընկերների և պատկան գերատեսչությունների հետ, ինչպես նաև պերմանենտ կապ է ապահովվելու Պարետատան հետ։
Առո'ղջ եղեք»,- գրել է մարզպետը։