Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձ է հղել երևանցիներին:
«Սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարվել է արտակարգ դրություն։ Սա նշանակում է, որ մի շարք սահմանփակումներ են գործելու ամբողջ Հայաստանում՝ մեկ ամսվա ընթացքում։ Եվ ես ուզում եմտեղեկացնել, որ մենք՝ Երևանի քաղզաքապետարանը և համայքային բոլոր կառույցները, այս օրերին աշխատելու ենք և կատարելու ենք մեր պարտականությունները՝ ապահովելով մեր քաղաքացների կարիքները։
Մասնավորեցնելով՝ մենք արդեն իսկ մեր ենթակայության բոլոր կազմակերպություններում, ինչպես Երևանի քաղաքապետարանում, 60-անց և քրոնիկ հիվանդություններ ունեցող բոլոր աշխատողներին ուղարկել ենք տուն, և նրանք իրենց աշխատանքը շարունակելու են իրենց տանից՝ թվային եղանակով։
Նաև ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ «մեկ պատուհան» ծառայությունն այսուհետ գործելու է շատ սեղմ եղանակով, և ես խնդրում և հորդորում եմ ձեզ, որպեսզի բոլոր նամակները, որոնք հնարավոր է ուղարկել առցանց, ուղարկվեն առցանց։ Այս ժամանակահատվածում չեղարկվելու են նաև քաղաքացիների բոլոր ընդունելությունները թե՛ քաղաքապետարանում, թե՛ վարչական շրջաններում։
Սիրելի՛ երևանցիներ,
Խնդրում եմ, այս կարևոր ժամանակահատվածում ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն, զգոն լինել, պահպանել հիգիենայի կարևոր կանոնները, առավելագույնս սահմանափակել տեղաշարժը և այլ անձանց հետ շփման շրջանակը, զերծ մնալ այլ քաղաքներ մեկնելուց և ընդհանրապես հետևել արտակարգ դրության ռիմի պահանջներին։ Այդ պահանջները ամբողջությամբ հասանելի են համացանցում, yerevan.am կայքում, նաև մեր բոլոր սոցիալական հարթակներում։
Այս հատվածում կցանկանայի խոսել մեր կենցաղի և պահվածքի մասին տվյալ օրերին։ Եթե կան ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ կամ այլ մասշտաբային միջոցառումներ, ճիշտ կլինի տեղափոխել դրանք 30 օր հետո։ Այնուամենայնիվ, եթե կարիք կա անցկացնել հենց հիմա, ապա, խնդրում եմ ձեզ, որպեսզի դա անեք տանը և միայն նեղ ընտանեկան միջավայրում։ Որպես օրինակ կարող եմ բերել իմ տղայի ծնունդը, որը մենք նշեցինք մի քանի օր առաջ։ Դա արել ենք տանը, եղել ենք միայն ընտանիքի անդամներով։
Ի դեպ, երեխաների մասին։ Եթե մենք փակել ենք դպրոցները, մանկապարտեզները, դա չի նշանակում, որ երեխաները պետք է հավաքվեն իրենց համադասարանցիների մոտ, խաղեր խաղան, ինչ-որ միջոցառումեր անցկացնեն։ Հակառակը՝ այս ամենը արվում է նրա համար, որպեսզի բոլորը նստեն իրենց տանը, այսպես ասած՝ ինքնամեկուսացվեն։ Նաև շատ կարևոր եմ համարում, որ մենք բոլոր հոգ տանենք մեր տարեց հարազատների մասին։ Սա նշանակում է, որ նրանք մաքսիմալ քիչ պետք է դուրս գան տանից և քիչ շփվեն այլ անձանց հետ: Եթե, օրինակ, պետք է գնումներ կատարեն, ճիշտ կլինի՝ այդ գնումները կատարենք մենք՝ օգնելով նրանց այդ հարցում։
Եվ ընդհանրապես, սիրելի երևանցիներ, այս օրերի ընթացքում մենք բոլորս պետք է օգնենք իրար, մենք պետք է ցուցաբերենք շատ բարձր սոցիալական պատասխանատվություն, եթե գտնվում ենք մարդաշատ վայրում՝ տրանսպորտում, խանութում, առանց ամաչելու պետք է կրենք դիմակներ։ Դուք սրանով օգնում եք ոչ միայն ձեզ, դուք նաև մտածում եք ձեր դիմացինի մասին, ձեր համաքաղաքացու մասին։
Ամփոփելով ուզում եմ ասել, որ Երևանի քաղաքապետարանը այս օրերին 24/7 ռեժիմով շարունակելու է իր աշխատանքը և լինելու է ձեր կողքին։
Սիրելի՛ երևանցիներ, ես վստահ եմ, որ ինչպես միշտ, այս անգամ ևս մենք միասնաբար վճռական և իրար օգնելով շատ արագ կանցնենք այս դժվարությունները և դուրս կգանք այս ամենից ավելի ուժեղ։ Առողջ եղեք, Աստված ձեզ պահապան»,– ասել է Հայկ Մարությանը։