«Ստեղծված է շուրջօրյա աշխատանքային խումբ: Կատարվում է գների մոնիտորինգ և պաշարների մոնիտորինգ՝ ամբողջ հանրապետության տարածքում: ՊԵԿ-ից ամենօրյա ռեժիմով ստանում ենք տեղեկատվություն ՀԴՄ-ների փաստացի վաճառքների գների հետ կապված: Տնտեսվարողներից ստանում ենք իրենց տվյալները, թե ով ինչքանով է վաճառում: Մոնիտորինգ ենք անում հիմնական խոշոր խաղացողներին: ՏՄՊՊՀ-ն գների առումով տիրապետում է այսօր շուկայում տիրող իրավիճակին»,- ասուլիսի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
ՏՄՊՊՀ նախագահն ընդգծեց, որ մոնիտորինգ են անելու նաև մարզերում փոքր տնտեսվարող սուբյեկտներում, ապա նշեց, որ այսօր տնտեսվարող սուբյեկտների պահեստներում առկա պաշարները ևս մոնիտորինգ են արվում, և այս պահին անհանգստացնող երևույթներ չեն նկատվում: Միակ խնդիրը օրական մեծածավալ գնումներ կատարելու համար ֆիզիկական անձանց կողմից երբեմն աբսուրդային քանակի գնումներն են, և խնդիր է այդ պահին պահեստներից ապրանքների տեղափոխումը: «Բնականաբար, սուպերմարկետների աշխատակիցները ևս պետք է այդ ամենը տեղ հասցնեն»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը:
Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, պանրի, կարագի ու թթվասերի ապրանքների խնդիր ևս չի նկատվում: Գևորգյանը նշեց, որ 44 անուն ապրանք են մոնիտորինգ անում, և ամենաշատը գնվել է նպարեղենը, այժմ էլ ճանապարհին կա նոր բեռ, որը հասնում է:
ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ ալյուրի գինը չի թանկացել, որոշակի ապրանքների դեպքում տեղի է ունեցել գնի փոփոխություն՝ կապված դոլարի արժույթի տատանման հետ:
Գեղամ Գևորգյանը զգուշացրեց, որ բոլոր խախտումների հետ կապված՝ գործերի նյութերը հավաքվում են, և մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու: «Այսօր արդեն երկու վարույթ ենք հարուցել՝ կապված ալկոգելերի հետ: Որոշակի անձինք փորձել էին ինտերնետում «ալկոգել» անվան տակ վաճառել ալկոգելը, բայց ո՛չ արտադրողների ալկոգել, և՝ բարձր գնով: Նրանց տվյալները, ովքեր տնտեսվարող սուբյեկտ չեն լինի, կլինեն ֆիզիկական անձինք, որոնք տարբեր կայքերով կփորձեն վաճառել, կզբաղվեն ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, փոխանցվում են ՊԵԿ գործընկերներին և համապատասխան գործողություն է կատարվում նրանց նկատմամբ: Հորդորում ենք ունենալ որոշակի սոցիալական պատասխանատվություն»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը:
Նա շեշտեց, որ Հայաստանի ալկոգել արտադրող ընկերությունները ոչ մի դրամ չեն բարձրացրել, և երկրում ախտահանիչ սպիրտների քանակը բավարար է: Նկատեց, որ դիմակների հարցում գնի թանկացում կա, և դա ամբողջ աշխարհում է, թեև նախատեսվում է գնի նվազում:
Գևորգյանը նաև նշեց, որ այսօր մասնակցել է պարետատան աշխատանքներին և պատրաստվում է քննակել որոշ ծառայությունների օնլայն ռեժիմով աշխատանքը: «Ապրանքների գնման սահմանափակման անհրաժեշտություն չենք տեսնում, քանի որ դա ավելորդ անգամ պետք է մարդկանց շրջանում խուճապ առաջացնի: Փոխարենը հորդորում ենք գնումներ իրականացնել խելամտության սահմաններում»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը: