Գերմանիայում վրդովված են պատվաստանյութեր արտադրող CureVac ընկերությունը գնելու՝ ԱՄՆ-ի փորձից: Այս մասին հայտնում է Der Spiegel-ը, հավելելով, որ ընկերությունն ի՛նքն է դեմ արտահայտվել դրան:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը կտրուկ քննադատել է դրամական պարգևի դիմաց Գերմանիայից ԱՄՆ տեղափոխվելու՝
CureVac-ին համոզելու փորձերը:
«Գերմանացի հետազոտողներն առաջատարն են դեղերի և
պատվաստանյութերի մշակման մեջ և մասնակիցն են միջազգային համագործակցության: Մենք չենք կարող թույլ տալ, որ ուրիշները յուրացնեն նրանց հետազոտությունների արդյունքների նկատմամբ բացառիկ իրավունքները»,- հայտարարել է Մաասը:
Այս մասին Գերմանիայի ԱԳ ղեկավարն արդեն իսկ խոսել է Կանադայի, Հարավային Կորեայի, Բրազիլիայի և Ավստրալիայի իր գործընկերների հետ, բայց մտադիր է կրկին բարձրացնել խնդիրը Մեծ Յոթնյակի պետությունների շրջանակում:
«Մենք միասին և ո՛չ միմյանց դեմ գործելով կհաղթահարենք այս վիրուսը»,- ընդծել է Գերմանիայի արտգործնախարարը:
Հրապարակման համաձայն, հանրությունն այս մասին տեղակացել է Welt am Sonntag թերթի կիրակնօրյա համարի շնորհիվ: Թերթը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է կամ գերմանացի գիտնականներին ԱՄՆ հրավիրել՝ այնտեղ աշխատելու նպատակով կամ՝ ԱՄՆ-ին տրամադրել մշակվող պատվաստանյութերի ու դեղերի բացառիկ իրավունքները:
ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան, սակայն, չի հաստատել գերմանական լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկատվությունը և նշել է, որ ինքը ոչինչ չգիտի ոչ գերմանական թերթի հրապարակած նյութի, ոչ էլ դրա համար հիմք դարձած տվյլաների մասին: Բայց Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը հաստատել է լուրի իսկությունը և շեշտել, որ այդ մասին «կխոսվի ճգնաժամային շտաբում»:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պիտեր Ալթմայերն էլ, որ մասնակցում էր ARD հեռուստաընկերության կիրակնօրյա հաղորդումներից մեկին, շնորհակալություն հայտնեց գերմանական ընկերությանն այն բանի համար, որ նրանք չեն հաճոյացել ԱՄՆ-ին:
«Վիրուսը սահմաններ չգիտի: Կարևորը միջազգային համագործակցությունն է,ոչ թե ազգային ինքնադրսևորումը: Պատվաստանյութը, ինչպես վիրուսը, սահմաններ չպետք է ճանաչի», - գրել է Առողջապահության հանձնաժողովի նախագահ Էրվին Ռյուդդելը՝ Twitter-ի իր միկրոբլոգում:
Der Spiegel-ն ընդգծում է, որ այս տարվա հունվարից ի վեր՝ CureVac-ն աշխատում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա և հավելում է, որ ԱՄՆ կառավարության աշխատաոճը սուր քննադատության է ենթարկվել նաև Բունդեսթագում: