Արտակարգ դրության իրավական ռեժիմը չի խաթարելու ՊԵԿ-ի բնականոն աշխատանքը: Կոմիտեի հիմնական խնդիրներն են Հայաստանի տնտեսական անվտանգությանը նպաստելը և կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը, ուստի ՊԵԿ-ը յուրատեսակ առաջնագիծ է, և այս պատասխանատու իրավիճակում չի կարելի տարատեսակ մտավախությունների պատճառով թուլացնել աշխատանքային պարտականությունների կատարման եռանդը և անգամ աննշան չափով շեղվել պատասխանատու վարքագիծ ցուցաբերելու անհրաժեշտությունից: ՊԵԿ ղեկավարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը՝ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
ՊԵԿ վարչական շենքերի մուտքերում և շինության տարբեր հատվածներում տեղադրվել են ախտահանող միջոցներ, ամենօրյա ռեժիմով իրականացվում է աշխատակիցների մարմնի ջերմաստիճանի ստուգում և ՊԵԿ անձնակազմի տեղաշարժն ապահովող տրանսպորտային միջոցների ախտահանում: Քաղաքացիների հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատակիցներն ապահովվել են նաև անհատական պաշտպանիչ միջոցներով: